Հոդված11:14, 03 Մարտ 2025
Օջալանի պատմական կոչից հետո PKK-ն հրադադար է հայտարարել․ ի՞նչ է սպասվում առաջիկայում
Փետրվարի 27-ին հրապարակվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչ է արել։
Օջալանի հայտարարությունը ընթերցել է վերջինիս հետ բանտում հանդիպած Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատվիրակությունը: Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Նա մասնավորապես ասել է․«Բոլոր զինված խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»։
Օջալանը նշել է, որ «պատմական» պատասխանատվություն է ստանձնում իր կոչի համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիին՝ խաղաղության հասնելու գործում աջակցության, իսկ մյուս կուսակցություններին՝ նրա հիշյալ կոչին դրական արձագանքելու համար։
«Ինչպես կամավոր կաներ յուրաքանչյուր ժամանակակից հասարակություն և կուսակցություն, որը բռնի դադարեցված չէ, հրավիրեք ձեր համագումարը և որոշում կայացրեք պետության և հասարակության հետ ինտեգրվելու համար. Բոլոր խմբավորումները պետք է վայր դնեն զենքերը, իսկ PKK-ն պետք է ինքնալուծարվի»,-ասվում է Օջալանի հայտարարության մեջ։
Աբդուլլահ Օջալանի պահանջին արձագանքել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գործադիր կոմիտեն, նշելով, որ միանում են վերջինիս կոչին և կիրականացնեն այն ինչ անհրաժեշտ է։
Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է․ «Ակնհայտ է, որ այս կոչով Քուրդիստանում և Մերձավոր Արևելքում պատմական նոր գործընթաց է սկսվել։ Սա նաև մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ազատ կյանքի և ժողովրդավարական կառավարման զարգացման վրա: Այս հիմքով պատասխանատվությունը բոլորիս վրա է. Յուրաքանչյուր ոք պետք է պարտականություն և պատասխանատվություն ստանձնի և կատարի իր պարտականությունները։
Այնուամենայնիվ, ցանկանում ենք ընդգծել, որ հաջողության համար պետք է համապատասխան լինեն նաև ժողովրդավարական քաղաքականությունը և իրավական հիմքերը։
Պարզ է, որ PKK-ն եղել է Քուրդիստանի վերջին կես դարի մեծ հերոսության և ճշմարտության շարժումը։ Ամեն ինչ ձեռք է բերվել/ նվաճվել շատ խիզախ ու անձնազոհ պայքարով, գին վճարելով ու ջանքերով։ Խորին հարգանքով, սիրով ու երախտագիտությամբ ենք ոգեկոչում այս մեծ ազատամարտի բոլոր հերոս նահատակներին։
Հիմա էլ նույն ոգով ու հավատով այս պատմական նվաճումները տանում ենք դեպի նոր պայքարի փուլ։ Առաջնորդ Ափոյի տված գիտակցությունը և PKK-ի ստեղծած մեծ փորձը մեր ժողովրդին ուժ են տալիս ժողովրդավարական քաղաքականությամբ պայքար մղելու բարության, ճշմարտության, առաքինության և ազատության համար։
Առաջնորդ Ափոյի խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչի իրականացման համար ճանապարհ հարթելու համար մենք այսօրվանից (մարտի 1-ից) հայտարարում ենք հրադադարի մասին։ Մեր ուժերից ոչ մեկը զինված գործողություններ չի ձեռնարկի, քանի դեռ նրանց վրա չեն հարձակվել. Ավելին, միայն Առաջնորդ Ափոյի գործնական ղեկավարությունը կարող է գործնական դարձնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են զինաթափումը»:
Չնայած որ PKK-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է հրադադարի հաստատման, հնարավոր զինաթափման մասին, այնուամենայնիվ ռազմաքաղաքական կառույցն թուրքական իշխաննությունների առջև դնում է իր նախապայմանը։ Կառույցը փաստացի պահանջում է Օջալանի ազատ արձակումն ու վերջինիս գործնական ղեկավարություն- մասնակցությունը զինաթափման գործընթացին։
Օջալանի հայտարարությանը աջակցություն է հայտնել նաև Քուրդիստանի ազգային կոնգրեսի (KNK) գործադիր խորհուրդը։ Խորհուրդը բանտարկված առաջնորդի կոչը կարևոր և պատմական է որակել։ «Մենք աշխատելու ենք գնահատել այս հնարավորությունը և մոբիլիզացնել մեր բոլոր ռեսուրսները խաղաղ և ժողովրդավարական լուծման համար»:
KNK-ն ընդգծել է, որ այս կոչը գործողությունների կոչ է բոլոր կողմերին.
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի պետական իշխանություններին դադարեցնել պատերազմը, ճանապարհ հարթել ժողովրդավարական քաղաքականության համար և օգտագործել երկխոսության ուղիները քրդական հարցը լուծելու համար՝ այն բերելով խորհրդարան»։
Էդիրնեի բանտում գտնվող «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նույնպես դրական է արձագանքել Օջալանին։ Դեմիրթաշը հայտարարել է, որ աջակցում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Դևլեթ Բահչելիի և Աբդուլլահ Օջալանի քայլերին՝ ուղղված Մերձավոր Արևելքում մշտական խաղաղության հաստատմանը և կոչ արել «սատարել խաղաղությունը»։ Նա նշել է, որ ընդունում է՝ հասարակության մի մասը թերահավատորեն է մոտենում այս գործընթացին, սակայն կոչ է անում․ «Մի՛ վախեցիր խաղաղությունից, հաշտվելուց, եղբայրս, մի՛ վախեցիր թուրքերի ու քրդերի ձեռք ձեռքի տված, Թուրքիան մեծացնելուց»։
Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ոչ թե արձագանքել է Օջալանի կոչին, այլ PKK-ի տարածած հայտարարությանը։ Նա փաստացի առ ոչինչ է համարել Օջալանին։ Նա ոչ թե կարևորել է երկար սպասված Օջալանի հայտարարությունը, այլ հայտարարությունից հետո PKK-ին հարող զինված խմբավորումների դիրքորոշումն ու իրականացվելիք հետագա քայլերը։ Ոչ դրական սցենարի զարգացման դեպքում հնչեցրել իր սպառնալիքները և Անկարայի հնարավոր գործողությունները։
Էրդողանը հայտարարել է․ «Եթե տված խոստումները չկատարվեն և եթե գործընթացն ինչ-որ կերպ փորձում են վերածել արևելյան հնարքների՝ ձգձգել, հետաձգել, խաբել, անուն փոխել, ինչ ուզում է անել, մեղքն իրենց վիզը։ Մենք կշարունակենք մեր ընթացիկ գործողությունները, եթե անհրաժեշտ լինի, մինչև չվերացնենք վերջին ահաբեկչին՝ քարի վրա քար չթողնելով և ուսի վրա գլուխ չթողնելով։ Մենք այս տարածաշրջանի իջևանատերն ենք, իսկ ահաբեկչական կազմակերպություններին աջակցող իմպերիալիստական ուժերը՝ ուղևորները։ Մենք այստեղ ենք հազարավոր տարիներ, Աստված տա, որ հավերժ այստեղ մնանք։ Թող ոչ ոք չմոռանա, որ վաղը, երբ ահաբեկչական կազմակերպություններին աջակցող ուժերը դուրս գան տարածաշրջանից, երբ փոխվեն նրանց շահերը, մենք մենակ ենք մնալու»։
Սիրիայում քրդական միավորումների դիրքորոշումը
Օջալանի ուղերձին անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի): Նրա խոսքով, Օջալանի՝ զենքերը վայր դնելու կոչն իրենց չի վերաբերում և ուղղված է միայն «ՔԲԿ»-ին: Նա նաև ընդգծել է, որ «ՔԲԿ»-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների և խաղաղության հաստատումը կազդեն նաև իրենց տարածաշրջանի վրա:
«Կոչն ուղիղ մեր տարածաշրջանի համար չէր: Ուղերձն ուղարկվել է Հարավային Քուրդիստան և այլ տեղեր։ Եթե այդ գործընթացը հաջողվի, այն դրական ազդեցություն կունենա նաև մեզ վրա և այլևս ոչ մի պատճառ չի լինի Թուրքիայի վրա հարձակվելու համար»։
Հայտարարությանը արձագանքել են նաև PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունն (PYD) ու վերջինիս ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG)։
PYD-ի նախագահական խորհրդի անդամ Սալիհ Մուսլիմն հայտնել է. «Գնդակն այժմ թուրքական պետության դաշտում է»: Մուսլիմը նաև ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկել, ինչպիսիք են Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը, ահաբեկչական հանցագործությունների համար պատիժ կրող բանտարկյալների ազատումը և քաղաքապետարանում նշանակված հոգաբարձուների հեռացումը։ Նա պնդել է, որ Թուրքիան պետք է «հրադադար հայտարարի» PKK-ի հետ։
YPG տեղեկատվության կենտրոնի ղեկավար Սիյամենդ Էլին իր հերթին նշել է․ «Այս ուղերձը նպատակ ունի դադարեցնել պատերազմը»։ Էլին հայտարարել է, որ իրենք նպատակ են ունենալու լուծել խնդիրը սեղանի շուրջ ժողովրդավարության, խաղաղության և երկխոսության միջոցով։
Իրաքի քրդերն ինչպե՞ս են արձագանքել Օջալանի կոչին
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Նեչիրվան Բարզանին սոցցանցում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ իրենք «լիովին աջակցում են» խաղաղ գործընթացին։ «Մենք պատրաստ ենք ստանձնել միջնորդի դերը և ապահովել բոլոր անհրաժեշտ աջակցությունը գործընթացի առաջընթացի համար»,-գրել է նա։
«Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության նախագահ Բաֆել Թալաբանին ասել է, որ իրենք ողջունում են Օջալանի կոչը։ Նրա խոսքով, իրենց միությունը «ազգային պարտք է համարում աջակցել ցանկացած նախաձեռնության, որը խթանում է միասնությունն ու եղբայրությունը քրդերի և թուրքերի միջև»:
Թեհրանի և Բաղդադի արձագանքը՝ Օջալանի հայտարարությանը
Թեհրանը, որը տարիներ շարունակ պայքարում է PKK-ի հետ կապված անջատական «Փեժակ» (քրդ. PJAK, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն») խմբավորման դեմ, ողջունել է զարգացումը։ Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կոչը «կնպաստի Թուրքիայի անվտանգությանը»։
Իրաքի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ էլ ընդգծվում է, որ Աբդուլլահ Օջալանի կոչը դրական և կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ, և որ այն կարևոր է ոչ միայն Իրաքի, այլև Իրաքյան Քուրդիստանի համար, որտեղ գտնվում են PKK-ի անդամները։
Ի՞նչ սպասել առաջիկայում
Հարկ է նշել, որ Օջալանի կոչը թուրք-քրդական խաղաղության երկար գործընթացի միայն սկիզբն է և խոշոր հաշվով, արդարացնում է թուրքական իշխանությունների սպասելիքները։ Այն ոչ թե առաջարկ է, այլ կոնկրետ հրաման՝ ուղղված իր կուսակիցներին և համախոհներին։ Ինչ վերաբերում է երկխոսության գործընթացի հետագա ընթացքին, ապա Թուրքիայի քրդերի շրջանում անվստահությունը բավական մեծ է իշխաննությունների նկատմամբ։ Քրդական հարցն ամբողջությամբ չի կարող լուծվել PKK-ի լուծարմամբ և քրդական ուժերի զենքերը վայր դնելով:
Թուրքիա-PKK հրադադարի հաստատումից հետո, Թուրքիան այժմ իր սլաքները կուղղի դեպի Սիրիայի քրդերը։ Եվ կրկին երկրի «սահմանների անվտանգությունն ապահովելու ու ահաբեկչությունը հակազդելու» պատրվակով նոր ռազմագործողություններ կիրականացնի Սիրիայի հյուսիսի ուղղությամբ։ Հարց է, թե Սիրիայի նոր իշխանությունները ինչպես կարձագանքեն Անկարայի՝ Սիրիա ազատ ելումուտին։ Եթե Անկարան ռազմագործողություններ մեկնարկի Սիրիայի հյուսիսում, ապա այն կնշանակի «սառեցնել» մեկնարկած գործընթացը։
Բացի այդ, այս գործընթացին զուգահեռ դեռևս շարունակվում են ընտրված քուրդ գործիչների ձերբակալությունները։ Դրանք ևս ցույց են տալիս, որ թուրքական կողմը ամբողջովին պատրաստ չէ լուծելու քրդական հարցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։
«DEM» կուսակցությունը 2024թ․ նոյեմբերին դիմել էր արդարադատության նախարարություն՝ Օջալանի հետ հանդիպելու համար։ Սակայն նախարարությունը միայն մեկ ամիս անց էր դրական արձագանքել դիմումին։ Այդպիսով դեկտեմբերի 28-ին քրդամետ կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սըրրը Սուրեյյա Օնդերը մեկնել էին Իմրալը կղզի, որտեղ հանդիպում էին ունեցել Աբդուլլահ Օջալանի հետ։ Նշենք, որ քրդամետ կուսակցության պատվիրակությունը մինչև Օջալանի հայտարարության հրապարակումը, ևս երկու հանդիպում է ունեցել վերջինիս հետ (հունվարի 22, փետրվարի 27)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։
Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։
Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |