Միջազգային08:28, 13 Մարտ 2017
Հոլանդիան չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայից

Հոլանդիայի կառավարությունը մերժել է իր երկրում թուրք նախարարների նախընտրական քարոզարշավն արգելելու և նրանց գործունեությունը խոչընդոտելու համար Թուրքիայից ներողություն խնդրելու Անկարայի պահանջը: Խոսքը վերաբերում է մասնավորապես Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այս երկիր մեկնած Մևլութ Չավուշօղլուի և Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայաի դեմ կիրառված սահմանափակումներին:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչապետ Մարկ Ռյուտեն, մի հեռուստահաղորդման ժամանակ պատասխանելով Թուրքիայի վերոնշյալ պահանջի վերաբերյալ հաղորդավարի հարցին, ասել է . «Մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ բայց ոչ իհարկե ներողություն խնդրելու գնով»:
Հոլանդիայի արտգործնախարար Բերթ Քենդերսը ևս հայտարարել է, որ իրենց օրակարգում Թուրքիայից ներողություն խնդրելու տարբերակը չի քննարկվում: Նա նշել է, որ եթե Թուրքիայի հետ երկխոսություն ապահովելու ջանքերը որևէ արդյունք չտան, ապա իրենք պատրաստ են դիմել կոշտ քայլերի:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոլանդիայի այս դիրքորոշումն ու գործողությունները բնութագրել է որպես «սկանդալային անհարգալիություն» և սպառնացել, որ այդ երկիրը դեռ կվճարի իր գործողությունների համար: Էրդողանը կարծիք է հայտնել, թե սա ապացույցն է այն բանի, որ ֆաշիզմը Եվրոպայում դեռ գոյություն ունի:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:
Իսկ Քայան, մարտի 10-ին պետք է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից:
Հիշեցնենք նաև, որ Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդերլանդները թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |